f

Անկախ

‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան


Արմեն Ավագյանն Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է։ Երկու պատերազմներին էլ կամավոր է մասնակցել, որից հետո զինվորական ծառայության է անցել Արցախի պաշտպանության բանակում։ Արցախի շրջափակման պայմաններում իրենք շատ դժվարություններ են տեսել, բայց հավատում էին՝ մի օր ամեն ինչ կանցնի, և չէին պատկերացնում, որ Արցախը մեկ օրում կդատարկվեր։

 ‹‹Անկախի›› հետ զրույցում Արմեն Ավագյանը պատմում է, որ Քառօրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը։ Երբ սկսվեց պատերազմը, միացավ Ցորի երկրորդ գումարտակին։ Սկզբում Ջինլիում են դիրքավորվել, այնուհետև տեղափոխվել են Եղնիկներ։ Արմենի խոսքով՝ թեժ մարտեր եղել են ապրիլի 3-ին՝ Մատաղիսում և Թալիշում։ Պատերազմի ավարտից հետո երկար ժամանակ չեն իջել դիքերից։

Արմենը պատմում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու ռմբակոծության ձայներից է արթնացել։ Գիտակցել է, որ պատերազմ է սկսվել։ Նա ընտանիքի անդամներին օգնել է նկուղում պատսպարվել, ինքն էլ շտապել է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատ, որտեղ կամավորագրում էին պատերազմի մասնակիցներին։

Արմենի խոսքով՝ մեկ օր սպասել են Ցորի զորամասում, որից հետո իրենց ուղարկել են դիրքեր։  Սկզբում Ասկերանում են դիրքավորվել, իսկ հոկտեմբերի 5-ին Ջրական են տեղափոխվել։ Արմենը հետևակի մարտական մեքենայի դեսանտ էր։ Երբ Թութակ կոչվող տեղանք են հասել, իր հետևակի մարտական մեքենան փչացել է, որից հետո ինքը տեղավորվել է դրա վրա։

‹‹Չորս հոգով տեղավորվել ենք հետևակի մարտական մեքենայի գլխին։ Այդ ժամանակ մեր բանակը պետք է հակահարձակման անցներ Կենտ-Հորադիզ տեղանքում, որի մեկ թևը մենք էինք կազմում։ Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել։ Թշնամին չի կռահել, որ մենք հայոց բանակի զինվորներ ենք։ Կարծել է, թե իրենց կողմից տեխնիկա են բերում››,-ասում է Արմենը։

Տղաներն իրենցից երեք հարյուր մետր հեռավորության վրա հանդիպել են թշնամու հարյուր հիսուն հոգանոց ջոկատը։ Սկզբում իրենք են նկատել, որ իրենց դիմաց թշնամին է։ Երբ թշնամին հասկացել է ամեն ինչ, սպայկայով հակատանկային գրոհի է անցել։

‹‹Սկզբում մեր մեքենային հարվածեցին։ Մեր տղաներից երկուսը զոհվեցին։ Ես թռա հետևակի մարտական մեքենայից և սկսեցի արդեն զենքով կռվել թշնամու դեմ››,-ասում է Արմենը։

Արմենի խոսքով՝ հակահարձակման պլանով պետք է հասնեին Հորադիզ։ Թշնամուն  հակահարված են տվել՝ մեծ կորուստներ պատճառելով նրան։ Թշնամին նահանջել է, իսկ մեր տղաներն առաջ գնալու համար զինտեխնիկայի խնդիր են ունեցել։ Հետո իրենք հետ են նահանջել դեպի 9-րդ կիլոմետր տեղանք։ Երբ հասել են այնտեղ, հասկացել են, որ խմբի տղաներից մի քանիսը չկան։

‹‹Չգիտեինք՝ ո˚ղջ են, թե˚ զոհվել են։ Վերադարձել ենք նույն տեղանք։ Խմբի տղաները միացել են մեզ։ Այդպես հասել ենք Արա լեռ։ Գիշերը 9-րդ կիլոմետր տեղանքում ենք մնացել։ Հաջորդ օրը նորից հակահարձակման ենք անցել Հորադիզ-Ղարղաբազար տեղանքում››,-ասում է Արմենը։

Հատկապես թեժ մարտեր են եղել Ղարղաբազար տեղանքում։ Այդ ժամանակ թշնամին սկսել է սմերչով հարվածել և ոչնչացնել մեր տեխնիկան։ Իրենց ջոկատի մի մասը Վարանդա է հասել, որից հետո՝ Ղարղաբազար տեղանք, որտեղ հայկական կողմը կրել է բազում մարդկային կորուստներ։ Այդտեղ տղաները շրջափակման մեջ են հայտնվել։ Սնունդ անգամ չի հասել այդ ժամանակ։ Հոկտեմբերի 15-ին, երբ թշնամին իր վերահսկողության տակ էր վերցրել Վարանդան, տղաները թշնամու գյուղերն անցնելով դուրս են եկել շրջափակումից։

‹‹Ոտքով հասել ենք Վարանդայի աջ հատված։ Քսանվեց ժամ ճանապարհ ենք անցել, որ հասնենք Մարտունու N զորամաս։ Մարտունիում մնալուց հետո տուն ենք վերադարձել։ Մեկ օր անց նորից դիրքեր ենք բարձրացել։ Մեր շտաբը Մալիբալու գյուղում էր գտնվում։ Այնտեղ ենք գնացել, որից հետո Կարմիր գյուղի վերևում ենք դիրքավորվել և մինչև պատերազմի ավարտն այնտեղ ենք մնացել։ Մենք կանխազգում էինք, որ ամեն ինչ վատ կավարտվի, որովհետև Շուշին մեր ափի մեջ էր, և տեսնում էինք, թե ինչ էր կատարվում այնտեղ››,-ասում է Արմենը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արմենը զինվորական ծառայության է անցել Պաշտպանության բանակի կապի բաժանմունքում՝ որպես պայմանագրային զինծառայող։ 2023 թվականի սեպտեմբերին վերջապես արձակուրդ է գնացել։ Արցախի շրջափակման պայմաններում իրենց ընտանիքն էլ զրկանքներ է կրել։ Սեպտեմբերի 19-ին իր երեխայի համար մեծ դժվարությամբ տակդիր էր ձեռք բերել։ Հետո գնացել է ծխախոտ փնտրելու։

‹‹Մի կերպ ծխախոտ ենք գտել։ Պատերազմը սկսվելու պահին հարևանի հետ ծխում էինք, երբ արկն ընկավ շենքի մոտ։  Երեխային տասը րոպե առաջ էինք քնեցրել։ Բոլորին նկուղ ենք իջեցրել, հետո ոտքով գնացել եմ զորամաս։ Դե մեր գործն ուրիշ էր, պետք է մնայինք այնտեղ։ Հաջորդ օրը զենքերը հանձնել ենք ու տուն վերադարձել››,-ցավով ասում է նա։

Արմենի խոսքով՝ անգամ հրադադարի ժամանակ փոխհրաձգություն էր տեղի ունենում։ Գյուղերից իրենց հարազատները տարհանվել են Ստեփանակերտ։ Պետք է նրանց մասին էլ հոգ տանեին․ հացի հերթերում երկար կանգնել են, հետո բենզին գտնելու խնդիր է առաջացել։

‹‹Հայկազովի բենզալցակայանում էի, երբ տեղի ունեցավ  պայթյունը։ Առաջիններից էի, որ բենզինը վերցրել դուրս էի եկել, երբ երեք րոպե անց պայթյուն եղավ››,-ասում է նա։

Արմենը պատմում է, որ զինվորական գրքույկը, պատվոգրերն ու մեդալը այրել է։ Պատերազմից մի քանի լուսանկարներ են մնացել միայն՝ որպես հիշողություն։ Սեպտեմբերի 29-ին Երևան են տեղափոխվել։ Արմենը Երևանում վարձով բնակարանում է ապրում։ Հիմա նոր մասնագիտություն է սովորում, որպեսզի նոր աշխատանք գտնի։ 

Հասմիկ Հակոբյան

 

Արմեն Ավագյան Հասմիկ Հակոբյան արցախցի բռնի տեղահանվածներ 44-օրյա պատերազմ Քառօրյա պատերազմ խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին